Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովի նիստում բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը
Տեղի է ունեցել ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժնողովի նիստը, որի օրակարգում քննարկվել է վերջին պատերազմից հետո Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին զեկույցը։ Այս մասին հայտնեցին ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել որպես քաղաքական պատանդներ եւ կոչ է արել Եվրոպայի Խորհրդին՝դադարեցնել հռետորական հայտարարություններն ու բարի ցանկություններից անցնել կոնկրետ քայլերի։
Իր ելույթում Զոհրաբյանն ասել է՝
«Հարգելի գործընկերներ,
Մեր վերջին քննարկումից տեւական ժամանակ է անցել, սակայն արյունալի պատերազմից հետո Արցախում հումանիտար ճգնաժամը չի դադարում, այն ավելի է խորացել ու թե՛ մեր կառույցը եւ թե՛ միջազգային մարդասիրական իրավունքով զբաղվող կազմակերպությունները որեւէ քայլ չեն անում ճգնաժամի հաղթահարման համար՝ բացի հռետորական կոչերից։
Հայ ռազմագերիներն ու գերեվարված կանայք շարունակում են մնալ գերության մեջ, ու կարծում եմ, հասկանում եք, թե ինչ է նշանակում նրանց համար գերության յուրաքանչյուրը օրը։ Բարեբախտաբար, նախօրեին գերեվարված հայ կանանցից մեկը՝ Մարալ Նաջարյանը, ազատ արձակվեց ու նա այլեւս իր որդիների հետ է։ Օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ադրբեջանում այլեւս հայ ռազմագերիներ չկան եւ մնացյալը ահաբեկիչներ ու դիվերսանտներ են։
Սա խայտառակ անամոթ հայտարարություն է, որը ոտնահարում է միջազգային բոլոր կոնվենցիաները։ Ամենամոտավոր հաշվարկներով անգամ հենց այս պահին Ադրբեջանում երկու հարյուրից ավելի մենք գերեվարված անձինք ունենք, որոնց թվում նաեւ կանայք։ Ուղղակի անթույլատրելի է, որ Ադրբեջանը շարունակում է քաղաքական վալյուտայի կարգավիճակով պատանդ պահել մեր ռազմագերիներին ու գերի ընկած կանանց՝ Հայաստանի իշխանություններից ինչ-ինչ նոր ակնկալիքներ ունենալով։
Երբեւէ, որեւէ անգամ որեւէ պետություն այսպես գռեհկորեն չէր միջամտել մեկ այլ երկրի ներքին գործերին, ինչպես դա հիմա անում են Ադրբեջանն ու Թուրքիան՝ գերիների հարցը շաղկապելով հայաստանյան ներքաղաքական իրավիճակի հետ։
Սա ուղղակի անթույլատրելի է եւ ես կոչ եմ անում մեր Վեհաժողովին՝ թույլ չտալ Ադրբեջանին ռազմագերիների հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա։
Հարգելի զեկուցող, ես ձեզ ուղարկել էի հե՛նց ադրբեջանական կայքերից եւ մեդիա տիրույթից վերցված տեսանյութեր, թե ինչպես են ողջ-ողջ գլխատում հայ զինվորներին ու գերի ընկած տարեց անձանց։ Այն, ինչ տեղի է ունեցել եւ ինչը հիմա տեղի է ունենում՝ զարհուրելի է եւ րոպե առաջ այս արհավիրքը պիտի կասեցվի։
Դիմում եմ մեր նիստին ներկա ադրբեջանցի պատգամավորներին՝ դիմե՛ք ձեր խորհրդարանի կին նախագահին, ով հենց մեր այս հանձնաժողովում մշտապես ամենաբարձրն էր խոսում մարդու եւ կանանց իրավունքից։ Ազա՛տ արձակեք հայ ռազմագերիներին եւ կին գերիներին, մի՛ դարձրեք մարդու, զինվորի, գերի ընկած կնոջ կյանքը ձեր ձեռքին քաղաքական բոնուս։ Սա անթույլատրելի է։
Ուզում եմ հուսալ, հարգելի գործընկերներ, որ սա հերթական ձևական քննարկումը չի լինի, որ խոսեցինք ու անցանք, իսկ գերության մեջ գտնվող հայ զինվորի ու հայ մոր համար օրը դարից էլ երկար է ձգվում։
Իրապես գործել է պետք, որովհետեւ վաղը կարող է այլեւս ուշ լինել»։
Կարծիքներ