Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ քննարկումներ կլինեն նոր Ընտրական օրենսգրքի հարցի շուրջ

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ քննարկումներ կլինեն նոր Ընտրական օրենսգրքի հարցի շուրջ

 ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ խորհրդարանական ուժերի հետ քննարկումներ կլինեն նոր Ընտրական օրենսգրքով ընտրություններ կազմակերպելու հարցի շուրջ:

Սիմոնյանն այս մասին ասաց մարտի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Հարցին, թե արդյոք իշխանությունը հասցնելո՞ւ է նոր Ընտրական օրենսգրքով ընտրություններ կազմակերպել, թե գուցե որոշ կետեր պարզապես փոխվեն, Սիմոնյանը պատասխանեց, որ այդ հարցի հետ կապված քննարկումներ են ընթանում:

«Չեմ բացառում, որ հընթացս քննարկելու ենք նաև նոր Ընտրական օրենսգիրքը»,- հավելեց Սիմոնյանը:

Հարցին, թե կո՞ղմ է, արդյոք, ռեյտինգային ընտրակարգի պահպանվելուն, Սիմոնյանը պատասխանեց, որ ցանկալի է, որ ռեյտինգային ընտրակարգը չլինի, սակայն ինքը պատրաստ է ՀՀ յուրաքանչյուր ընտրատարածքում որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվել:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում