Վիճակը ծանր է, բայց կարելի է շտկել. Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը տվեց քարոզարշավի մեկնարկը
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է շրջադարձային փոփոխություն կատարել:
Դաշինքը քարոզարշավի մեկնարկը տվեց Հանրապետության հրապարակից:
Դաշինիքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը հայտնեց, որ անմիջապես հետո այցելելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն ՝ հարգելու հերոսների հիշատակը:
«Սա չափազանց ճակատագրական մեկնարկ է՝ ընտրություն «հանրապետության» և «կայսրության» միջև: Եվ մեր բոլորի՝ քաղաքական միավորների պարտքն է, որ կարողանանք ոգեշնչել մեր հանրությանը՝ քվեարկել հօգուտ հանրապետության, Հայաստանի, պայծառ և անվրեպ հայրենիքի»,-ասաց Բաբաջանյանը:
Դաշինիքի ցուցակի երկրորդ համար Լևոն Շիրինյանն էլ ասաց, որ համահայկական մոբիլիզացիա են հայտարարում: «Մենք ըստ էության ձեր որոնած նոր քաղաքական ուժն ենք՝ երիտասարդ, չկոռումպացված, անարատ կենսագրությամբ»:
Ըստ նրա՝ անկողմնակալ յուրաքանչյուրի համար պարզ է, որ, ճիշտ է, վիճակը շատ ծանր է: «Բայց կարելի է և պետք է շրջել: Այդ իմաստով մենք ձեզ հետ շրջադարձ ենք կատարելու դեպի վեհը, ռոմանտիկը…. »,- ասաց Շիրինյանը:
Դաշինքի անդամներն այնուհետև նախընտրական բուկլետներ բաժանեցին Էջմիածնում:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին, կտևի մինչև հունիսի 18-ը:
Կարծիքներ