Ամփոփվել է ՀԱՊԿ «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը
Մայիսի 26-ին Երևանում ամփոփվել է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որին մասնակցում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Ներքին գործերի նախարարը, շնորհավորելով տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության մասնակիցներին արդյունավետ աշխատանքի համար, ներկայացրել է մարդկային կյանքեր կործանող չարիքի դեմ Հայաստանի ոստիկանության աշխատանքը։
Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Վահե Ղազարյանը հատկապես շեշտել է համացանցի միջոցով թմրանյութերի իրացման խնդիրը, ինչի դեմ պայքարն առավել ակտիվացնելու նպատակով Հայաստանի քրեական ոստիկանության կազմում ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում, իսկ 2023 թվականը հայտարարվել է թմրամոլության դեմ պայքարի տարի։
Խոսելով «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության մասին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել իրականացված աշխատանքը և հույս հայտնել, որ գործողության ընթացքում համագործակցված ծառայությամբ ձեռք բերված փորձն ու գիտելիքները ՀԱՊԿ անդամ պետությունները տարածաշրջանում կխթանեն թմրամիջոցների դեմ պայքարին։
Ներքին գործերի նախարարը ելույթի ավարտին Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Խրապովը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ գործողության պատշաճ կազմակերպման համար։ Նա անդրադարձել է թմրամիջոցների համաշխարհային շրջանառության մտահոգիչ ծավալներին և կարևորել «Կանալ-Արաքս» գործողության անցկացումը, ինչն ուղղված է ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանը։
Ելույթներ են ունեցել նաև տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության մասնակից երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք, ըստ պետությունների, ամփոփել են գործողության շրջանակներում իրավապահ կառույցների իրականացրած աշխատանքները։
ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով համագործակցության ամրապնդման համար գործընկեր պետությունների իրավապահ կառույցների մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։
Կարծիքներ