ՏԿԵ փոխնախարարը Լիտվայի դեսպանի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է տրանսպորտի ոլորտում համագործակցության ուղիները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ ՏԿԵ-ն տեղեկացնում է, որ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Լիտվայի տրանսպորտային անվտանգության վարչության կողմից իրականացվող «Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» փորձագիտական ծրագրի շրջանակներում եռօրյա այցով Հայաստան այցելած լիտվացի մասնագետները։
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել 2020 թ․ մեկնարկած փորձագիտական ծրագրի միջոցով հայկական կողմին ցուցաբերվող փորձագիտական արժեքավոր աջակցության համար և վստահություն է հայտնել, որ ծրագրի շարունակականությունը կնպաստի Հայաստանում տրանսպորտային ոլորտի հետագա զարգացմանը։
Բարձր գնահատելով ծրագրի իրագործման շուրջ հայկական կողմի արձագանքն ու հետագա համագործակցության պատրաստակամությունը՝ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ներկայացրել է ԵՄ Արևելյան գործընկերության չորս երկրներում (Հայաստան, Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա) տրանսպորտային ոլորտների զարգացմանն աջակցելուն միտված՝ Լիտվայի Հանրապետության ռազմավարական առաջնահերթության շրջանակներում «Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» ծրագրի իրականացման փուլերը և նախատեսվող քայլերը։ Դեսպանն ընդգծել է նաև Լիտվայի պատրաստակամությունը՝ աջակցելու տրանսպորտի ոլորտում ԵՄ և ՀՀ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների կիրարկման Հայաստանի ջանքերին։
Պատվիրակության անդամ, Լիտվայի տրանսպորտի և հաղորդակցության նախարարության համակարգում գործող Լիտվայի տրանսպորտային անվտանգության վարչության փոխտնօրեն Յուստաս Ռաշոմավիչիուսը, ներկայացնելով փորձագիտական այցի ընթացքը, նախանշել է ավտոմոբիլային, երկաթուղային և օդային տրանսպորտի ոլորտներում հետագա համագործակցության կոնկրետ ուղղություններն ու անելիքները։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի շրջանակներում առաջիկայում կազմակերպել ՀՀ ՏԿԵ նախարարության համապատասխան ոլորտային մասնագետների պատվիրակության այց Լիտվայի Հանրապետություն տրանսպորտի ոլորտային կարգավորումների լիտվական փորձին տեղում ծանոթանալու նպատակով։
Կարծիքներ