Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգային հարցերի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են երկկողմ օրակարգին, ինտեգրացիոն գործընթացներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համատեղ հայտարարության կյանքի կոչմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ակտիվորեն աշխատում է միջկառավարական հանձնաժողովը, մեր կողմից փոխվարչապետ Օվերչուկը հանձնաժողովի նախագահն է: Խոսք է գնում նաև ինտեգրացիոն գործընթացների մասին, քանի որ մենք սերտ տնտեսական փոխգործակցության մեջ ենք թե՛ Հայաստանի հետ, թե՛ ԱՊՀ, թե՛ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում: Եվ իհարկե, այն, թե ինչպես է իրականացվում Ղարաբաղի հարցով եռակողմ համատեղ հայտարարությունը, ինչպես է տարածաշրջանում ընթանում խաղաղ կյանքը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու ապաշրջափակումը»,- նշել է Պեսկովը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ապրիլի 7-ին:
Կարծիքներ