Սոխը, կարտոֆիլը եւ Իվետան
Վերջին հանրահավաքին ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը հեգնելով իշխանական պատգամավորներին, հայտարարեց՝ իրենք փակել են ԱԺ մուտքերը, բայց պարզվում է իմքայլականները սոխի ու կարտոֆիլի համար նախատեսված մուտքով սողոսկել են ԱԺ։ Արդյո՞ք խորհրդարանի այս մուտքով սոխ ու կարտոֆիլ ներս է մտնում, դժվար է ասել, բայց որ վերջին երկու տարում հենց այս մուտքով է հիմնականում աշխատանքի գալիս անձամբ Իվետա Տոնոյանը՝ կփաստեն ԱԺ գրեթե բոլոր աշխատակիցները, անվտանգության ծառայողներն ու տարածքում առկա մի քանի տասնյակ տեսախցիկներ։
Նախօրեին՝ դիմելով, ինչպես իրենք են բնութագրում "կտրուկ" գործողությունների, 17+-ը, որը հանրահավաք էր անում Բաղրամյան պողոտայում, կիսվելով երկու մասի, տեղից վերցնելով մեկ երկու վրաններ, փակեցին նաեւ ԱԺ հարակից Դեմիրճյան փողոցի առաջնամասը։ ԱԺ-ի գործունեությանը գրեթե որեւէ կերպ չխոչընդոտող, բայց բազմահազար քաղաքացիների զայրույթին ու քննադատությանն արժանացած այս գործողությունը, հայրենիքի "փրկիչները" որակեցին պայքարի շրջադարձային նոր փուլ, հայտարարելով, թե իբր շրջափակել են ԱԺ բոլոր մուտքերը: Այնուհետև մի ամբողջ գիշեր խրախճանք, առավոտյան էլ "հաղթական" լուսաբաց։ Եւ հենց նույն այն պահին, երբ շարժման առաջնորդները լայվերով ու հարցազրույցներով հաստատում էին նախորդ օրվա իրենց "հաղթանակը", խորհրդարանում իր բնականոն աշխատանքը սկսեցին իշխանական պատգամավորները, անցկացնելով հանձնաժողովի նիստեր, անհայտ կորած անձանց վերաբերող օրենքի նախագծերի քննարկում, քաղաքացիների ընդունելություն։
Տեղեկացնենք նաեւ, որ ԱԺ այդ մուտքով աշխատանքի են գալիս (երբեմն) նաեւ Իվետա Տոնոյանի կուսակից ընկերներ Արտյոմ Ծառուկյանը, Արթուր Դալաքյանը, ԼՀԿ մի շարք պատգամավորներ։ Ավելին այդ մուտքն ըստ էության Հաշվեքննիչ պալատի հիմնական մուտքն է, որը տեղակայված է ԱԺ տարածքում։ Գուցե այս մասին չգիտեն կամ պարտավոր էլ չեն իմանալ հանրահավաքին ներկա կամ օնլայն հետեւող քաղաքացիները, բայց "սոխի ու կարտոֆիլի" մուտքով աշխատանքի եկող Իվետա Տոնոյանը դա լավ գիտեր, եւ առնվազն ավելի ազնիվ կլիներ, փողոցում լուսացնող իրենց փոքրաթիվ համակիրներին ասել, որ ԱԺ բոլոր մուտքերը չեն շրջափակված։
Անաչառ լրագրող
Կարծիքներ