Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Լուկաշենկոյի շնորհավորանքը հրապարակվել է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում:
«Վստահ եմ, որ բարձրագույն պետական պաշտոնում դուք կնպաստեք Բելառուսի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը, մեր ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ամրապնդմանը»,- ասված է շնորհավորանքում։
Ալեքսանդր Լուկաշենկոն Վահագն Խաչատուրյանին մաղթել է նաև քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ իր պատասխանատու և կարևոր աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի քաղաքացիների։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի պատգամավորները քվեարկության երկրորդ փուլով ՀՀ նախագահի պաշտոնում ընտրեցին Վահագն Խաչատուրյանին։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ընտրությանը խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չէին մասնակցել:
Խաչատուրյանը ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի մարտի 13-ին: Այդ կապակցությամբ ԱԺ հատուկ նիստ կգումարվի:
Կարծիքներ