Պուտինը մեկնաբանել է Վաշինգտոնի պատասխանը Մոսկվային
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հարաբերություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Պուտինն ասել է, որ Վաշինգտոնի տված պատասխանից պարզ է դառնում, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի հիմնական անհանգստությունները արհամարհվել են:
Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան Արևմուտքի պատասխանում չի տեսել այն, որ Արևմուտքը համարժեքորեն հաշվի է առնում Ռուսաստանի երեք սկզբունքային պահանջները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի չընդլայնումը:
2021 թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Հյուսիսատլանտյան դաշինքի՝ դեպի արևելք չընդլայնման և Ռուսաստանի անվտանգության երաշխավորման մասին պայմանագրի նախագիծ էր փոխանցել Վաշինգտոնին: ՌԴ ԱԳՆ-ը նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների հետ պայմանագրերի նախագծեր էր հրապարակել: Բանակցությունների արդյունքում ամերիկյան կողմը համաձայնել էր գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանի առաջարկներին: Այդ պատասխանը Մոսկվան ստացել էր հունվարի 26-ին: Դրա բովանդակությունն առայժմ չի հրապարակվել, սակայն ինչպես երկու օր անց առցանց ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր մեկնաբանել՝ Վաշինգտոնի պատասխանը հստակություն չի մտցնում հիմնական հարցերի վերաբերյալ, սակայն այնտեղ կան «ռացիոնալ հատիկներ» երկրորդական հարցերի առնչությամբ: Մոսկվայում նախապատրաստում են Ռուսաստանի պաշտոնական արձագանքը Վաշինգտոնի գրավոր պատասխանին: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ գործընթացը միջգերատեսչական համաձայնեցումների փուլում է:
Կարծիքներ