ՀՀ ԱՆ-ն հայտնել է, որ Արցախյան պատերազմում զոհվածների մասին տվյալները թափանցիկ կերպով են ներկայացվում
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների վերաբերյալ բոլոր տվյալները: Այս հարցի շուրջ բողոքի ակցիա են իրականացնում պատերազմում անհետ կորածների հարազատները, որոնք երկկողմանի փակել էին Երևանի Հերացու փողոցը: Նրանք պնդում էին, որ իրենց երեխաների աճյուններն այսքան ժամանակ պահվել են սառնարաններում և իրական տվյալները չեն ներկայացվել:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է բոլոր տվյալները և՛ հարազատներին, և՛ զանգվածային լրատվամիջոցներին:
«Հաշվի առնելով 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատներից ոմանց դժգոհությունը ու մայրաքաղաքի փողոցներից մեկը փակելու հանգամանքը` առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կենտրոնն աշխատել է 24/7 ձևաչափով և մշտապես կապի մեջ է եղել ծնողների ու հարազատների հետ: Այսօր էլ, լրացուցիչ տեղեկատվությունը պարզելու և հարցերին պատասխանելու համար ՊՈԱԿ-ի ղեկավարությունը հանդիպել է ծնողների հետ, ընդունել բոլորին և պատասխանել նրանց հարցերին: Շրջանառված ապատեղեկատվությունը հերքելու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը: Սակայն չսպասելով դրան, նրանք դիմել են փողոց փակելու տարբերակին»,- նշում են ՀՀ ԱՆ-ից:
Գերատեսչությունից նաև ընդգծում են, որ ցանկության դեպքում, հարազատները հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան:
Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից օրեր առաջ հայտնել են, որ զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:
Կարծիքներ