Ընդգծում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման անհրաժեշտությունը. ԱԳՆ

Ընդգծում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման անհրաժեշտությունը. ԱԳՆ

Չնայած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե ՀՀ ԶՈՒ զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը զոհվել է իրենց ստորաբաժանումների գործողությունների հետևանքով՝ մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունը համահունչ է ադրբեջանական ստորաբաժանումների ագրեսիվության աճի տրամաբանությանը:


Այս մասին հաղորդահրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:

«Մարտի 7-ին ՀՀ սահմանագոտու արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, ևս մեկ զինծառայող ստացել է վիրավորում:

Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորված զինծառայողին:

Դատապարտելով ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանությունը՝ հարկ ենք համարում ընդգծել, որ այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք՝ այսօր հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի արձակած գնդակից զոհված պայմանագրային զինծառայող, սերժանտ 33-ամյա Հրաչ Մանասերյանը ծնունդով Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ բնակավայրից էր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում