Մարուքյանը դատապարտում է ՄԻՊ տարեկան բյուջեն կրճատելու հնարավորություն տվող օրինագծի մշակումը
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դատապարտում է կառավարության մշակած օրինագիծը, որով հնարավորություն է ստեղծվում կրճատել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարեկան բյուջեն:
Այս մասին Մարուքյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Խնդիրը ինստիտուցիոնալ է: Այսօր Մարդու իրավունքների ինսիտուտի նկատմամբ նման ոտնձգությունը խստիվ դատապարտելի է: Կարծում եմ, այդ նախագիծը խորհրդարանում կտապալվի»,- ասաց Մարուքյանը:
Խմբակցության ղեկավարը չբացառեց, որ իշխանական որոշ պատգամավորներ ևս դեմ կքվեարկեն այդ նախագծին:
Մարտի 11-ին Կառավարության հերթական նիստին ընդունված որոշմամբ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը։ Ըստ որի՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:
Կարծիքներ