Քաշաթաղից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ բնակարանային ապահովման խնդիր ունեն
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Քաշաթաղի բնակավայրերից տեղահանված մոտ 10 հազար քաշաթաղցի բնակարանային ապահովման խնդիր ունի:
Այս մասին մարտի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Քաշաթաղի շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը: Նրա խոսքով՝ քաշաթաղցիների մեծ մասը տեղահանվելուց հետո վերադարձել են Հայաստանի Հանրապետության իրենց նախկին բնակավայրեր:
«Քաշաթաղում վերաբնակություն հաստատած մեր հայրենակիցներից շատերը խանդավառությամբ ընդունեցին ազատագրված շրջանում վերաբնակվելու հրավերը և Հայաստանում վաճառելով իրենց բնակարանները տեղափոխվեցին Քաշաթաղ: Մյուս մասը երկրաշարժի աղետի գոտուց էր տեղափոխվել: Քաշաթաղից տեղահանվելուց հետո այդ ընտանիքները հայտնվել են անօթևանների կարգավիճակում: Բացի այդ, քաշաթաղցիները իրենց ունեցվածքը, որոշ դեպքերում՝ անգամ փաստաթղթերը դուրս բերելու ժամանակ չունեցան: Վերջին տարիներին Քաշաթաղում մեծ շինարարություն էր իրականացվել: Կառուցվել էին ճանապարհներ, դպրոցներ, առանձնատներ, բարելավվել էին բնակարանային պայմանները, վերանորոգվել՝ եկեղեցիներ և այլն: Շրջանն ուներ շուրջ 20 հազար հեկտար վարելահող, 3 հազար հա պտղատու այգի, ավելի քան 10 հազար խոշոր եղջերավոր անասնագլխաքանակ, մեծաքանակ գյուղտեխնիկա: Ներկայում հստակ հայտնի չէ, թե այդ անսանագլխաքանակից որքանն է հաջողվել տարհանել, և ինչ չափերի են հասնում քաշաթաղցիների գույքային կորուստները: Այդ ամենն, այդուհանդերձ, համեմատելի չէ նրա հետ, որ մենք հայրենիք ենք կորցրել»,- ասաց Ըռքոյանը՝ հավելելով, որ կան քաշաթաղցի ընտանքիներ, որոնք առայժմ բնակվում են հասարակական նշանակության օբյեկտներում, որտեղ բացկայում են կենցաղային նվազագույն պայմանները:
Նրա խոսքով՝ ներկայում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբում գրանցված է 3-4 հազար քաշաթաղցի ընտանիք:
«Նրանց հրատապ խնդիրներին հնարավորին լուծումներ տրվում են, սակայն դրանք համակարգված բնույթ չեն կրում: Կան ընտանիքներ, որոնք փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով առայժմ չեն կարողացել օգտվել ֆինանսական աջակցության ծրագրերից: Շատ քաշաթաղցիներ դեռ չեն ստացել կոմունալ վճարների և բնակվարձերի փոխհատուցման ծրագրով նախատեսված գումարները: Պետական օղակների համակարգված մոտեցում է պահանջում նաև վիրավորների և զոհվածների ընտանիքների ֆինանսական աջակցության հարցը»,- հայտնեց Ըռքոյանը:
Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի խոսքով՝ Արցախի Քաշաթաղի և Քարվաճառի շրջանում ապրում էին նաև մեծաթիվ փախստականներ Ադրբեջանական ԽՍՀ-ից:
«Ընդհանուր առմամբ առնվազն 30 հազար 500 հայ փախստականներ էին բնակվում այդ շրջաններում: Անցած տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով նախանշվել էր՝ փախստականների վերադարձ ԼՂԻՄ և հարակից շրջաններ: Մինչդեռ՝ Քաշաթաղի և Քարվաճառի բնակչությունը տեղահանվեց՝ նույնիսկ իր ունեցվածքը դուրս բերելու հնարավորություն չունենալով»,- ասաց Ավագյանը:
Բանախոսի համոզմամբ՝ փախստականների վերադարձի հետ կապված այս խնդիրների լուծման ու ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված հայկական պատմամշակութային կոթողների պաշտպանության գործում բացի միջազգային համապատասխան կառույցներից, անելիքներ ունի նաև Ռուսաստանի Դաշնությունը՝ ըստ հրադադարի եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների:
Կարծիքներ