Մարուքյանը կարծում է, որ նոր խորհրդարանը որակապես ավելի լավը չի լինի

Մարուքյանը կարծում է, որ նոր խորհրդարանը որակապես ավելի լավը չի լինի

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանը կարծում է, որ 8-րդ գումարման խորհրդարանը որակապես ավելի լավ չի լինի, քան 7-րդ գումարման ԱԺ-ն էր:

Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ասուլիսում:

Մարուքյանն ընդունում է, որ ԼՀԿ-ի համերաշխության, միասնության օրակարգը պարտվել է: «Մեր ժողովուրդը որոշել է, որ 8-րդ գումարման խորհրդարանը պետք է բաղկացած լինի Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուժերից: Ժողովրդի որոշումն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-ասաց նա:

Հարցին, թե խորհրդարանի այդ կազմով հնարավո՞ր է վերականգնել համերաշխությունը՝ Մարուքյանը դժվարացավ պատասխանել: «Կարող է գնան խորհրդարան, համերաշխ, սիրով իրար հետ աշխատեն, կարող է գնան ամեն օր կռվեն: Կտեսնենք, ամեն դեպքում չեմ կարծում, թե այս խորհրդարանը կլինի որակապես շատ ավելի լավը, քան նախորդն էր»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Ձայների վերահաշվարկի գործընթացին ԼՀԿ-ն հետևում է: Մարուքյանը նկատեց, որ մեծ հաշվով դրա արդյունքում մեծ տատանումներ տեղի չեն ունեցել: «Ես կարծում եմ՝ բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ խախտումներ են եղել, այդ տեղամասերի արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն: Եթե ապացույցներ լինեն զանգվածային խախտումների վերաբերյալ, ուրեմն ամբողջ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն»,- ասաց նա ու հավելեց, որ իրենք նման տվյալներ չունեն:

Մարուքյանը նկատեց, որ անգամ այն ուժերը, որոնք պատրաստվում են ՍԴ  դիմել, ուզում են նաև մանդատները վերցնել: «Հետևաբար, նաև իրենք էլ են ընդունում այդ արդյունքները: Վիճարկելու հարցեր կան, թող վիճարկեն,ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բայց ես տեսնում եմ, որ ընդհանուր դաշտն ընդունում է մեր ժողովրդի որոշումը»,- ասաց նա:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 20-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 53.92 տոկոսը, «Հայաստան» դաշինքը՝  21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում