Շմոլ գազի արտահոսքի պատճառով ընտանիքի չորս անդամի թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ գազի արտահոսքի պատճառով ընտանիքի անդամներից երեքի առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու, ևս մեկի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մասնավորապես, 2021 թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 06:10-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մայիսի 9 փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և վերոհիշյալ հասցեում հայտնաբերել 52-ամյա տղամարդու դին՝ առանց բռնության հետքերի:
Այնուհետև Երևան քաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ «Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել երեք քաղաքացի:
Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված անձինք ու 52-ամյա՝ մահացած տղամարդը նույն ընտանիքի անդամներ են և թունավորվել են իրենց տանը շմոլ գազի արտահոսքի հետևանքով։
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ