Կառավարությունը լուծարեց «Պետական լոտո» ՓԲԸ-ն
Կառավարությունը լուծարեց «Պետական լոտո» ՓԲԸ-ն, որն այս պահին փաստացի չի գործում (գտնվելու վայրը՝ Վանաձոր, Տիգրան Մեծի 16): Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է. «Կառավարության առանցքային մոտեցումները պետական ռեսուրսների կառավարման մասով հանգում են հետևյալին.
- ռեսուրսների կառավարումը պետք է իրականացվի արդյունավետ, օգտավետ և խնայողաբար.
- հանրային յուրաքանչյուր մարմին կամ կազմակերպություն, անկախ կազմակերպաիրավական կամ այլ առանձնահատկություններից, պետք է գործի օրենքով սահմանված որոշակի լիազորությունների շրջանակում՝ իրականացնելով տվյալ մարմնի նպատակներին համապատասխանող և դրանցից բխող գործառույթներ. չպետք է լինեն կրկնություններ, այլընտրանքային, զուգահեռ, փոխարինող կամ թաքնված համակարգեր և (կամ) տվյալ մարմնին ոչ բնորոշ գործառույթներ։
Վերջին տարիներին Ընկերությունը որևէ գործունեություն չի իրականացնում և դրա հետագա գոյությունը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության համատեքստում գնահատվում է ոչ նպատակահարմար:
Ընկերության տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է, ընկերության հարկային պարտավորությունները մարված են, վերջին գույքագրման արդյունքներով դեբիտորական և կրեդիտորական պարտավորություններ չեն արձանագրվել:
Ընկերությունը անշարժ և շարժական գույք չունի՝ բացառությամբ բանկային հաշվում առկա դրամական միջոցների՝ շուրջ 30 մլն 310 հազար դրամ»:
Կարծիքներ