ՊՆ–ում անցկացվել են հայ-իտալական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ
Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-իտալական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի Պաշտպանական գլխավոր շտաբի Միջազգային հարաբերությունների գրասենյակի ղեկավար, բրիգադի գեներալ Դեյվիդ Մորպուրգոյի գլխավորած պատվիրակությունները, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Որոշում է կայացվել, համավարակով պայմանավորված սահմանափակումներից անկախ, առողջապահական նորմերը պահպանելով վերսկսել նախորդ տարվանից ընդհատված համագործակցության միջոցառումների անցկացումը:
Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2021թ. Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության պլանը, որով նախատեսվում է 2021թ. երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացնել 11 միջոցառումներ Հայաստանում և Իտալիայում: Միջոցառումները վերաբերում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակմանը, անձնակազմի պատրաստությանը և ռազմաքաղաքական խորհրդակցությունների շարունակմանը:
Կարծիքներ