Հավաստում եմ բարեփոխումների գործընթացում ՀՀ-ին աջակցելու ԵԽ պատրաստակամությունը. Մարիա Բուրիչը շնորհավորել է Փաշինյանին

Հավաստում եմ բարեփոխումների գործընթացում ՀՀ-ին աջակցելու ԵԽ պատրաստակամությունը. Մարիա Բուրիչը շնորհավորել է Փաշինյանին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Շնորհավորում եմ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ողջունում եմ այն փաստը, որ միջազգային դիտորդները, այդ թվում՝ մեր խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, այդ ընտրությունները գնահատեցին որպես մրցակցային և ընդհանուր առմամբ լավ կազմակերպված:

Կարևոր է, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը Ձեր ղեկավարությամբ իրականացվող բարեփոխումների քաղաքականությանը: Հիմա, երբ ընտրարշավն ավարտված է, ժամանակն է կենտրոնանալու քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսության վրա: Այդ առումով հավաստում եմ բարեփոխումների գործընթացում Հայաստանին շարունակական աջակցություն ցուցաբերելու Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ հիմնվելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության չափորոշիչների վրա»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում