Արման Խոջոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գործարար շրջանակների հետ
Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ գործարար կապերն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպել է հայ և ռուս գործարար շրջանակների, այդ թվում՝ Ռուսաստանի արտահանման կենտրոնի (РЭЦ) և սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ընկերության ներկայացուցիչների հետ՝ գործադիր տնօրենի գլխավորությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Առևտրային երեք խոշոր ցանցեր ընդգրկող X5 Retail Group ընկերության հետ, մասնավորապես, քննարկվել են դեպի ռուսաստանյան շուկա հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման և այդ ընկերությունում հայկական արտադրանքի ներկայացվածության ավելացման հնարավորությունները։
X5 Retail Group ընկերության գործընկերներին համառոտ ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի առաջնահերթություններն ու հիմնական նպատակները, Հայաստանում տնտեսվարողներին տրամադրվող օժանդակության գործիքներն ու ՀՀ պետական աջակցության ծրագրերը։
Հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը կարևորել է նաև լոգիստիկ ծառայությունների բարձր մակարդակի ապահովումը Հայաստանում և ընդգծել, որ լոգիստիկ կենտրոնների զարգացումը Հայաստանում կայուն և կանխատեսելի մատակարարման գրավականն է:
Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցիչների հետ Արման Խոջոյանը քննարկել է փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև արտահանումների արդյունավետ կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ավարտին Enterprise Armenia հիմնադրամը և Ռուսաստանի արտահանման կենտրոնը՝ կարևորելով երկու կառույցների միջև գործարար կապերի ամրապնդումը և համագործակցության զարգացումը, կնքել են փոխըմբռման հուշագիր։
Այցի շրջանակում փոխնախարար Արման Խոջոյանն ու Enterprise Armenia հիմնադրամի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ, այցելել են նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն, որտեղ գործարար շրջանակների ներկայացուցիչների և անհատ ձեռներեցների հետ քննարկել են հայ-ռուսական գործարար հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերին։
Նշված հանդիպումները Հայաստանում նախաձեռնված համատեղ աշխատանքների և ձեռքբերված պայմանավորվածությունների շարունակությունն են։
Կարծիքներ