Գնդացիր, ինքնաձիգներ, նռնակներ. Կոտայքի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

Գնդացիր, ինքնաձիգներ, նռնակներ. Կոտայքի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Հրազդանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկով» գնդացիր և ռազմամթերք։

«Հրազդանի մի բնակիչ էլ կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու հրացանը, որը ձևափոխված էր ատրճանակի, նաև՝ ռազմամթերք։ Զենք-զինամթերքի կամավոր հանձնումը Հրազդանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունք է։

Ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ հանձնել է «Կալաշնիկով» ինքնաձիգ և ռազմամթերք։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Չարենցավանի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է Արցախից բերած «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ մասի ծառայողները, ինչի շնորհիվ Եղվարդի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ռազմամթերք, այդ թվում՝ պայթուցիչով նռնակ»,- ասվում է հաղորդագրության մեջ

ՀՀ ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում