ՀՀ ԱԺ-ն կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին խիստ գնահատել և դատապարտել Ադրբեջանի վարքագիծը. ԱԺ հայտարարությունը
ԱԺ-ն ավարտել է «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հայտարարության քննարկումը փակ կարգով: Նիստի բաց հատվածում նախագծի համահեղինակ Թագուհի Թովմասյանը հրապարակել է հայտարության տեքստը.
«ԱԺ-ն արձանագրում է, որ 2020թ-ի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի ուղղակի աջակցությամբ ու ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված Ադրբեջանի ագրեսիայից անցել է շուրջ 4 ամիս, սակայն գերության մեջ են զինվորականներ և քաղաքացիական անձինք, այդ թվում և կանայք, որոնց անհապաղ հայրենադարձումը ռազմական գործողությունների ավարտից հետո միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված հրամայական պահանջ է: Այդուհանդերձ, Ադրբեջանը կոպտորեն խախտելով, ոտնահարելով միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները, խախտելով ՄԻԵԴ-ի կիրառած միջանկյալ միջոցների պահանջները, թաքցնում է իր վերահսկողության տակ գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելիորեն ձգձգում նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը՝ փաստացիորեն վերածելով նրանց պատանդների՝ զրկված դատական պաշտպանության միջոցից»,-ներկայացրել է նա:
ԱԺ-ն հայտարարությունում ներառել է նաև միջազգային այն կոնվենցիաները, որոնք դատապարտում են ռազմական գործողությունների դադարից հետո ռազմագերիների ու քաղաքացիական անձանց պատանդառությունը: Դրանք են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան կոնվենցիան», «Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2018թ-ի միջազգային կոնվենցիան և այլն:
Հայտարարությունում նաև նշվում է, որ գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն: ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի հայտարարությունում արձանագրված է, որ տեղի է ունենում փոխանակում, հայկական կողմը իրականացրել է իր պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է հայրենադարձել իր մոտ պահվող անձանց:
«ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանում հայատյացության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող անձանց հայրենադարձումը խոչընդոտելը և արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը և վտանգելով Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը: Ելնելով նշվածից՝ ՀՀ ԱԺ-ն կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային հանրությանը, միջազգային ու տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին խիստ գնահատել և դատապարտել Ադրբեջանի վարքագիծը»,-ասված է հայտարարությունում:
Կարծիքներ