Կոտայքում 31 և 32-ամյա երիտասարդներ են դանակահարվել. կասկածյալը Նոր Հաճնի քաղաքապետի որդին է
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Նոր Հաճնում 2 քաղաքացու դանակահարելու կասկածանքով որոնվում է Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Հայկ Մաթևոսյանը:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Հ. Մաթևոսյանը Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի որդին է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, հոկտեմբերի 19-ին, դանակահարություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած, թափանցող վերք, հեմոպլևմոթարկս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 31-ամյա Գևորգ Բ.-ն է:
Կարճ ժամանակ անց նույն հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ «որովայնի առաջային պատի, կտրած-ծակած բութ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել էր, որ վիրավորը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 32-ամյա Նարեկ Ա.-ն է
Կարճ ժամանակ անց ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ պարզել էին, որ Նոր Հաճն քաղաքի Ազատամարտիկների փողոցում նշված անձանց և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Հայկ Մ.-ի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ էլ Հայկ Մ.-ն իր մոտ եղած դանակով մի քանի հարվածներ էր հասցրել Գևորգ Բ.-ին և Նարեկ Ա.-ին:
Գևորգ Բ.-ն «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով Ոստիկանության Նաիրիի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կարծիքներ