Հայտնաբերվել է Վանաձորի նախկին ղեկավարին օժանդակող անձը. վերջինը կալանավորվել է, նախաքննությունը՝ ավարտվել

Հայտնաբերվել է Վանաձորի նախկին ղեկավարին օժանդակող անձը. վերջինը կալանավորվել է, նախաքննությունը՝ ավարտվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս անձի մասով:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Ս.Դ.-ն (Սամվել Դարբինյանը) ընկերության տնօրեն Գ.Ս.-ի (Զառշին ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Սարգսյան) օժանդակությամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը:

Մասնավորապես վերջիններս կնքել են ձևական առուվաճառքի պայմանագրեր և կեղծ փաստաթղթերի, հաշիվ-ապրանքագրերի միջոցով խեղաթյուրել են առանձնապես խոշոր չափերով 150 մլն 901 հզր 987 ՀՀ դրամ արժեքով գույքի հանցավոր ծագումը, տնօրինման եղանակը, իրական պատկանելիությունը, ինչպես նաև ստացված գույքը դրել են շրջանառության մեջ և դրան հաղորդել օրինական տեսք:

Գ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Ս.-ն ՀՀ-ում չէ: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ աշխատակիցների կողմից Գ.Ս.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում