Ո՞րն է նոր փաստաթղթի ամենակարևոր դրույթը. Փաշինյանը մանրամասներ հայտնեց
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե որն է նոր ստորագրվելիք փաստաթղթի ամենակարևոր դրույթը։ Նշենք, որ Փաշինյանն այս պահին ԱԺ–ում է և մասնակցում է ԱԺ արտահերթ նիստին։
«Այդ փաստաթղթում ամենակարևոր դրույթն այն է, որ կողմերը պարտավորվում են, որ սահմանային իրադրությունները լուծում են ոչ թե զորքերի փոխադարձ շարժով, այլ դիվանագիտական և քաղաքական ճանապարհներով։ Արդյոք սա նոր գաղափար է՝ ոչ, քանի որ ես այդ մասին հայտարարել եմ դեռ մայիսի 17-ին` ԱԽ նիստի ժամանակ»,-նշեց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարն ասաց` հարցն այն է, որ Ադրբեջանն ասում է, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է ունենա երկկողմ ֆորմատով, սակայն հայկական կողմն էլ ասել է, որ դա պետք է լինի եռակողմ մակարդակով, քանի որ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ ՀՀ–ն չունի։
Նրա խոսքով` հայկական կողմն արձանագրել է, որ հանձնաժողովների ձևավորումը պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԶՈւ–ն կլքի մեր երկրի տարածքը, կամ էլ այդ փասատաթղթի մեջ կարձանագրվի դրույթ, որ ինչ-որ ժամկետում` 3-4 օրում պետք է զորքերի հետքաշման գործընթացը տեղի ունենա։
Փաշինյանը վստահեցնում է` չկա և չի կարող լինել ոչ մի գաղտնի հավելված։ Նա նշեց` փաստաթղթի վերևի հատվածում գրված է «Հավելված», քանի որ դա կամ վրիպակ է` պետք է գրված լիներ «Նախագիծ», կամ էլ դա առաջարկ է` այն դիտարկել որպես նոյեմբերի 9-ի հայտարարության հավելված։
Կարծիքներ