Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը Ռուսաստանում պաշտոնապես կասկածի տակ չի դրվում. Պեսկով
Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական մակարդակով ոչ ոք կասկածի տակ չի դնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, և փորձագետներն ազատ են արտահայտելու ցանկացած կարծիք: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողի լայն փորձագիտական քննարկման մասին հարցին, որի պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավելի վաղ հրապարակած «Ռուսների և ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածն էր:
«Դուք գիտեք, որ ոչ ոք պաշտոնապես կասկածի տակ չի դնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Այս հարցի վերաբերյալ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով նյութի այն մասի հետ կապված փորձագետների քննարկումը, որտեղ խոսքը երկրի սկզբնական տարածքային կազմի մասին էր … «Ինչ վերաբերում է փորձագիտական քննարկումներին, ապա փորձագետներն ազատ են այն քննարկել այնպես, ինչպես իրենք են ցանկանում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ, նախագահի մամուլի քարտուղարը շեշտել է, որ եթե նույնիսկ փորձագետները պատկանում են իշխող կուսակցությանը, նրանց կարծիքը ոչ մի կերպ կապված չէ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշման հետ: Մասնավորապես, նա նշել է, որ «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավորները տարբեր կարծիքներ են հայտնում: «Ոչ մի կերպ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ժամանակակից Ուկրաինան նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ պետք է զգուշանա նման փորձագիտական հայտարարություններից և դրանք համարի որպես Ռուսաստանի կողմից տարածքային պահանջներ:
ՌԴ ղեկավարի խոսնակը նաև հիշեցրել է, որ Պուտինն իր հոդվածում ընդհանուր առմամբ խոսում էր ԽՍՀՄ-ի տակ «դրված» այդ «դանդաղ գործող ականների», միութենական հանրապետությունների կազմավորման իրավական սկզբունքների մասին: «Ինչ վերաբերում է քննարկմանը, այն իրոք շատ ակտիվ է ընթանում: Հոդվածը շատ-շատ ռեզոնանսային է, և, իրոք, այն մեծ ուշադրություն է գրավում տարբեր փորձագետների կողմից, որոնք տարբեր տեսակետներ են հայտնում»,- ընդգծել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Կրեմլի կայքում հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հոդվածը՝ «Ռուսների ու ուկրաինացիների պատմական միասնության մասին»:
Կարծիքներ