ԱՊՀ դիտորդական խումբը Հայաստանում կհետևի խորհրդարանական ընտրություններին

ԱՊՀ դիտորդական խումբը Հայաստանում կհետևի խորհրդարանական ընտրություններին

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդները սկսում են կարճաժամկետ մոնիտորինգը: Հունիսի 19-ին դիտորդները կմասնակցեն Երևանում «Մայր Հայաստան» համալիրի մոտ ծաղիկների զետեղման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը նախատեսված են մի քանի հանդիպումներ ՀՀ ԱԺ-ում: Դիտորդական խումբը քննարկումներ կանցկացնի խորհրդարանի ղեկավարության հետ, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի ներկայացուցիչների հետ: Նախատեսված են հանդիպումներ «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական ուժերի նախընտրական շտաբերի ղեկավարների հետ:

Հունիսի 19-ին նախատեսված է հանդիպում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Հանդիպման ընթացքում նախատեսված է կարծիքների փոխանակում ընտրական գործընթացների հետ կապված: Այնուհետև դիտորդական առաքելության ներկայացուցիչները կհանդիպեն «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ», «Մեր տունը Հայաստանն է» ուժերի ներկայացուցիչների հետ:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչներն իրենց աշխատանքները կշարունակեն հունիսի 20-ին՝ քվեարկության օրը: Օրվա երկրորդ կեսին նախատեսված է նրանց հանդիպումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ: ԱՊՀ դիտորդներն ամփոփիչ ասուլիսով հանդես կգան հունիսի 21-ին:

ԱՊՀ դիտորդները Հայաստանում առաքելություն կիրականացնեն ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում