ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի առաջադրմանը
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի թեկնածության առաջադրմանը:
Հովեյանի թեկնածությունը հանձնաժողովին ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը:
Հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց Գեղամ Հովեյանի համառոտ կենսագրությունը, այնուհետև թեկնածուն ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ իր տեսլականն ու պատասխանեց պատգամավորների հարցերին:
Հովեյանի թեկնածությունը խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ստացավ միաձայն դրական եզրակացություն:
Գեղամ Հովեյանը ծնվել է 1975թ. մարտի 1-ին, Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 2005-2007թթ. սովորել է Պետական կառավարման ակադեմիայի Հանրային կառավարման բաժնում, ունի մագիստրոսի կոչում: Աշխատանքային գործունեության ընթացքում Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, ինչպես նաև Վերահսկիչ և Հաշվեքննիչ պալատներում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ: Գեղամ Հովեյանն արժանացել է նաև մի շարք պարգևների:
Կարծիքներ