ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց գրանցումը. «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստանը» չի մասնակցի ընտրությանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած ճանաչեց «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը:
ԿԸՀ հունիսի 10-ի նիստում քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց. «Հունիսի 10-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել գրություն՝ «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահի կողմից: Գրությանը կից փակցված է կուսակցության ղեկավար մարմնի՝ նախագահության որոշումը՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ»:
Նա հիշեցրեց նորմը, որ կուսակցությունները, դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցությունները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ ժամը 18:00-ն իրավունք ունեն ներկայացնելու ինքնաբացարկի մասին դիմում:
Կուսակցության լիազոր մարմինը ԿԸՀ նիստում այլ ասելիք չուներ:
Այսպիսով, «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը քվեարկությամբ ընդունվեց:
Ավելի վաղ կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշումը կայացվել էր մեկ պայմանով, այն է՝ մինչև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, այսինքն՝ մինչև հունիսի 7-ը, Հայաստանի իշխանությունը մայիսի 12-ին Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի բանակի զինված հրոսակներին դուրս հանի Հայաստանի տարածքից: Քանի որ դա տեղի չի ունեցել, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցի ընտրություններին: Կուսակցության կարծիքով, հունիսի 20-ին տեղի ունենալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները չեն կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, քանզի Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ օկուպացված են, իսկ սա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները պարտադիր պետք է չեղարկել:
Կարծիքներ