ԼՂ-ի հայ բնակչությունն ամեն օր ահաբեկվում է. ՀՀ վարչապետը միջազգային հանրությունից հասցեական գնահատական է ակնկալում
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, արձանագրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը, բացի այն, որ ներխուժել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, շարունակում են Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակչությանն ահաբեկող հայտարարություններ անել բարձրախոսներով:
«Սա տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ: Իսկ բարձրախոսներով մարդկանցից պահանջում են լքել իրենց տները՝ հակառակ դեպքում սպառնալով ուժի գործադրմամբ նրանց հեռացնել այնտեղից: Սա էթնիկ զտումների ակնհայտ պահանջ է:
Հայ առաքելական քրիստոնյա հավատքի բնակչություն ունեցող գյուղերի բնակիչների համար նույնիսկ օրվա գիշերային ժամերին ադրբեջանցիները բարձրախոսներով մուսուլմանական ազան են միացնում: Մենք իհարկե մեծ հարգանք ունենք իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ, բայց այն, ինչ անում է Ադրբեջանը, մարդկանց խղճի և կրոնի ազատության նկատմամբ բռնություն է, կրոնական ատելություն հրահրելու միջոց և, ի վերջո, վիրավորում է մեր հայրենակիցների կրոնական զգացմունքները»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի համոզմամբ՝ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղում հայկական հետք չթողնելուն:
«Այս համատեքստում հիշատակման արժանի է Ադրբեջանի մշակույթի նախարարի փետրվարի 23-ին արած այն հայտարարությունը, թե «աղվանական հոգևոր տաճարների վրա հայերի գրած կեղծ հետքերի վերացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած ալբանական պատմությունը, ճարտարապետությունը իմացող մասնագետներից»:
Սա նշանակում է, որ Ադրբեջանը հրապարակայնորեն և պաշտոնապես մեկնարկում է իրեն հասանելի հայկական մշակութային ժառանգության նենգափոխումը, վերացումը:
Եվ մշակույթի նախարարի հայտարարությունը ամենևին էլ պատահականություն չէ: 2021 թվականի մարտի 16-ին Հադրութի շրջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Ծակուռիի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերաբերյալ, հայտարարել է. «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարն են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, հետո գրված գրություններ են»։ Ադրբեջանի այս քայլերը բացահայտ մարտահրավեր են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ այս բոլոր իրավիճակները պետք է պատշաճ միջազգային քննության և գնահատականի արժանանան:
«Միջազգային հանրությունից ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հասցեական գնահատական, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ամեն օր ահաբեկվում է, բառիս բուն իմաստով՝ ամեն օր (ներառյալ գազային ահաբեկչությունը), և դրա նպատակը նրանց իրենց տներից ու հայրենիքից տեղահանելն է:
Կրկին արձանագրում եմ, որ Հայաստանը կոնկրետ և տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով, և մեզ մերժողականության կամ պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղադրելու որևէ հիմք կամ հիմնավորում չկա»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն արտահայտեց Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր:
«Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումը: Եվ հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ կքննարկենք և կհամաձայնեցնենք խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,- ասաց վարչապետը:
Կարծիքներ