Վերահաստատել ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունը. Արարատ Միրզոյան
«Կարծում եմ՝ հրավերը բավականին դրականը ուղերձ էր, և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին: Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը՝ շարունակել կարգավորման գործընթացը՝ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով՝ առանց որևէ նախապայմանի»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ: Նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում դրական արդյունքները տեսանելի կլինեն:
«Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում:
Եվ ուզում եմ ասել, որ Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը՝ ունենալ խաղաղ և կայուն տարածաշրջան, կա»,- իր խոսքն ավարտել է Միրզոյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Արարատ Միրզոյանը հանդիպում են ունեցել:
Կարծիքներ