Ռազմական բախման հավանականությունն ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ «դեռ մեծ չէ». Սինգապուրի վարչապետ

Ռազմական բախման հավանականությունն ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ «դեռ մեծ չէ». Սինգապուրի վարչապետ

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ ռազմական բախման հավանականությունը «դեռ մեծ չէ»: Այս մասին BBC-ի հետ զրույցում ասել է Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը՝ հավելելով, որ երկու համաշխարհային գերտերությունների միջեւ լարվածությունն աճել է:
Նրա խոսքով, եթե երկու երկրները շարունակեն իրենց կոշտ քաղաքականությունը, ապա կարող են փակուղի մտնել: Նա նշել է, որ Չինաստանի քաղաքականությունը լարվածություն է առաջացրել մի քանի երկրների հետ: «Զգալի անվստահություն եւ անհանգստություն կա այն կապակցությամբ, թե ինչ ճանապարհով է շարժվում Չինաստանը եւ արդյոք դա լավ կլինի նրանց համար: Չեմ կարծում, որ դա Չինաստանի շահերից է բխում»,- ասել է նա:

Միացյալ Նահանգները Սինգապուրի ամենամեծ ներդրողն է, ինչպես նաեւ՝ հիմնական գործընկերներից մեկնանվտանգության ոլորտում: Չինաստանը, մյուս կողմից, երկրի ամենամեծ արտահանման շուկան է, եւ դրա տնտեսական աճը մեծ առավելություն է տվել Սինգապուրին:

Չնայած երկու գերտերությունների միջեւ լարվածությունը սկսվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք՝ որեւէ նշան չկա, որ այն կթուլանա Ջո Բայդենի օրոք:

Սակայն Լի Սյան Լունը հույս ունի, որ Բայդենն այն մեկն է, ով «հավատում է բազմակողմանիությանը եւ միջազգային առեւտրին»: «ԱՄՆ-ն դեռ համար մեկն է, սակայն համար երկրորդը (Չինաստանը) հետ չի մնում, եւ դա ԱՄՆ-ի համար դժվար է ընդունել»:

Որոշ վերլուծաբանների գնահատմամբ՝ Չինաստանի տնտեսությունը մինչեւ 2028 թվականը կգերազանցի ԱՄՆ տնտեսությունը՝ հինգ տարի ավելի շուտ, քան կանխատեսվել էր:

Վարչապետ Լի Սյան Լունն ասել է, որ Սինգապուրը չի կարող իրեն թույլ տալ կողմ ընտրել՝ նշելով, որ դա խնդիր է շատ երկրների համար: «Մենք բոլորս հույս ունենք եւ հորդորում ենք երկու հզոր տերություններին լավ մտածել նախքան որոշելը, որ մյուսը կողմը հակառակորդ է, ում պետք է զսպել, եթե ոչ՝ ճնշել: Մենք կցանկանայինք, որպեսզի Չինաստանը դառնա մի երկիր, որի բարգավաճումը, զարգացումը եւ աճող ուժը ողջունվում են աշխարհի այլ երկրների կողմից, որոնք դրանում միասին բարգավաճելու եւ կայուն աշխարհում ապրելու հնարավորություն են տեսնում»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում