Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց

Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը քիչ առաջ ազատ արձակվեց Ոստիկանության կենտրոնական բաժանմունքից։

Նա լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչու էր այսօր բերման ենթարկվել.

«Ես Կառավարության շենքի առջեւով գնում էի դեպի Նալբանդյան փողոց, որ բարձրանայի մեր գրասենյակ, ոստիկանների մեջ կանգնած էր իմ ծանոթներից մեկը, որին մեր գրասենյակում օգնել էինք, քրեական անցյալ ունեցող մեկն էր, որը ինձ բավականին ագրեսիվ ձեւով ասաց՝ իմ գործ ինչ եղավ, ես էլ ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործով ես զբաղվում։ Նա ամենախայտառակ հայհոյանքները հնչեցրեց եւ իմ հասցեին, եւ Ղարաբաղի հասցեին։ Ես շուռ եկա, ասեցի՝ էդ ինձ էիր ասո՞ւմ, հարձակվեց ու սկսեց քաշքշել ինձ կոպիտ ձեւով։ Ոստիկանները եկան ու նրան մի կողմ քաշեցին, երկուսիս էլ բերման ենթարկեցին։ Այսինքն՝ ես բերման եմ ենթարկվել ծեծի կասկածանքով։ Տեսնես՝ այդ մարդուն ինչ լավություն եմ արել, որ այդպես վարվեց։ Ի՞նչ գործ ուներ նման քրեական անցյալ ունեցող անձը ոստիկանների մեջ կանգնած»,-ասաց Իշխանյան։

Իրավապաշտպանն այդ միջադեպը համարեց սադրանք՝ իր նկատմամբ. «Ես զգուշացնում եմ հասարակական-քաղաքական գործիչներին, որ այդպիսի սադրանքներ առաջիկայում եւս կլինեն, պետք է զգույշ լինել»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում