ԱԺԲ-ն գոհ է նախընտրական քարոզարշավի ընթացքից և քաղաքացիների արձագանքից
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունն ընդհանուր առմամբ գոհ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքից և քաղաքացիների արձագանքից:
ԱԺԲ կուսակցության ընտրական ցուցակի ներկայացուցիչ Վահե Գասպարյանը լրագրողների հետ ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց, որ այս ընթացքում իրենք կարողացել են իրենց ասելիքը հասցնել ժողովրդին:
«Օր օրի, ժամ առ ժամ ժողովրդի հետաքրքրությունն աճում է մեր կուսակցության նկատմամբ: Մենք այլընտրանքային քաղաքական ուժ ենք: Ժողովուրդն արդեն հասկացել է, որ հիմնական ուժը մեր ԱԺԲ-ն է, որպես ազգային ուժերի առաջամարտիկ»,- նշեց Գասպարյանը:
Կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ` Հայկ Մարտիրոսյանն էլ ասաց, որ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում ստեղծվել է կեղծ օրակարգ, համաձայն որի պայքարն ընթանում է «Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև:
«Իրականում պայքարը «Հայաստան» դաշինքի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության միջև է: Միակ ազգային թևը, որ այսօր ներկայացված է, ԱԺԲ-ն է»,- ասաց, Մարտիրոսյանը:
Կարծիքներ