Ընդդիմությունը փողոցային պայքարի համար ցանկանում է սևացնել ընտրությունների լեգիտիմությունը
2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները այլևս փաստ են։ Հետպատերազմական ու հետկովիդյան Հայաստանում, ընտրություններն են որ որոշելու են ՀՀ քաղաքացու ու ՀՀ որպես պետության ապագան։ Քաղաքական ուժերի ու հիմնական քաղաքական դերակատարների ժողովրդավարական ապագայի կոնսենսուսը կայացավ։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը։
Նախևառաջ, հարկ է փաստել, որ ընտրություններին մասնակցությունը իսկապես տպավորիչ է և նույնիսկ ավելի ակտիվ քան հեղափոխական 2018թ. դեկտեմբերյան ընտրություններին։ Մասնակից կուսակցությունների ու դաշինքների ծաղկաբույլն էլ մեկ այլ հնարավորություն է։ Հնարավորություն ընտրել ցանկացած տեսակի, չափի ու ձևի քաղաքական ուժերի միջև, ըստ նախասիրության, համոզմունքի և ճաշակի։ Ավելին, թե՛ ներհայաստանյան, թե՛ միջազգային դիտորդական կազմակերպությունները ընթացիկ գնահատականներով փաստում են, որ ընտրությունները թե՛ նախընտրական թե՛ ընտրությունների օրվա կազմակերպմամբ առանձնահատուկ հանդարտ ու պրոֆեսիոնալ են կազմակերպվել։
Այս ֆոնին դեռ վառ առավոտից, մի շարք նախկինների ընդդիմադիր գրպանային լրատվամիջոցներ ու ֆեյք դիտորդական կազմակերպություններ և անհատներ ահազանգում են աշխարհի վերջի, սոդոմ-գոմորի, խուլիգանությունների ու աղետների մասին։ 24/7 ռեժիմով նախկինների լրատվամիջոցները ու գրչակները անդադար կեղծ ու չճշտված տեղեկություններ են տարածում իբր թե ընտրակեղծարարության, ընտրական հանցագործությունների, ուղղորդումների ու վարչական իրավախախտումների վերաբերյալ։
Նպատակն իհարկե հին է մեր երկրի պես ու պարզից էլ պարզ։ Չստանալով իրենց ակնկալած ձայներն ու կանխազգալով սպասվելիք պարտությունը, այդ ուժերը ամեն հնարավոր ու անհնար մեթոդներով, խտրականություն չդնելով իրենց քարոզչության մեջ սևացնում ու դրանով ապալեգիտիմացնում են ընտրական ողջ գործընթացը ու ընտրությունների ապագա արդյունքները։ Մարդկանց անվանել ժեխ, բոմժ, ծախված, իսկ իշխանություններին էլ կեղծարար ու հանցագործ։ Սեւացնում ու ապալեգիտիմացնում են հող նախաատրաստելով բողոքարկումների, սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման ու հետընտրական փողոցային պայքարի համար։
Սև քարոզչության ու այսպիսի մեդիապատերազմի նպատակն է համատեքստ ստեղծել հետընտրական փողոցային պայքարի համար, որը հնարավորության դեպքում կվերաճի փողոցային խուլիգանությունների ու բախումների, որի միակ շահագրգռությունը ունեն պարտված կամ լուսանցքային ընդդիմադիրները, նպատակը՝ քաոս ու անիշխանություն, հետընտրական բախումների ու քաղաքացիական առճակատումների հրահրում։
Կարծիքներ