Մեր առջև բարձր նշաձող պետք է դնենք և ձգտենք հասնել այդ նշաձողին․ Հայկ Չոբանյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 6-ին այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն։
Հանդիպման սկզբում Հայկ Չոբանյանը շրջայց է կատարել ընկերությունում: «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել ընկերության գործունեությունը, տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունները և ընթացիկ ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել միկրոէլետրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադային, «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար» պետական մրցանակին, ավագ դպրոցների ճարտարագիտական ծրագրին և ոլորտային մի շարք այլ նախաձեռնություններին։
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի կարևոր խնդիրներից է որակյալ կրթությունը, գործնական հմտություններ ու ձիրքեր ունեցող բարձրակարգ մասնագետների պատրաստումն ու նրանց արագ ինտեգրումը ոլորտային ընկերություններում։ Հայկ Չոբանյանը կարևորել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության ներկայությունը Հայաստանում և ընկերության կողմից կայուն և շարունակական կերպով իրականացվող մի շարք ծրագրերը, այդ թվում՝ կրթական։
«Նմանօրինակ կրթական ծրագրերը մեծ նշանակություն ունեն մեր երկրի և ոլորտի շարունակական, դինամիկ աճի տեսանկյունից։ Այս ծրագրերն անհրաժեշտ է սկսել դպրոցից և կրթությունից զատ անհրաժեշտ է ստեղծել գրավիչ աշխատանքային միջավայր, ինչը թույլ կտա ոլորտի լավ մասնագետներին պահել և նրանց ներուժն իրացնել հենց Հայաստանում։ Մյուս կողմից կարևոր է սերտ համագործակցությունն արտերկրում աշխատող և բնակվող մեր հայրենակիցների հետ, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ երկրի և ոլորտի զարգացման գործում։ Մենք պետք է մեր առջև բարձր նշաձող դնենք ու հավակնոտ նպատակներով ու ծրագրերով ձգտենք հասնել այդ նշաձողին»,- ընդգծել է նախարարի պաշտոնակատարը։
Ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը կարևորել է թե՛ իրենց ընկերության, թե ոլորտի զարգացման գործում պետության հետ սերտ համագործակցությունը, ինչը թույլ է տալիս համակարգված և հաստատուն քայլերով հաջողություններ գրանցել։
Հանդիպման ավարտին որոշվել է առաջիկա օրերին կազմակերպել աշխատանքային հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Սինոփսիս Արմենիա» ընկերության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչների հետ՝ ավելի գործնական և առարկայական քննարկման համար։
Կարծիքներ