ՀԱՊԿ-ին դիմելու հանձնարարական ԱԽ քարտուղարին. ԱԽ նիստ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: «Արդեն երկրորդ օրն է, Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է: Պատճառն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: ՀՀ զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի զինուժի կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառման դեպք չի գրանցվել: Այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության խորը և համակողմանի գնահատումը ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ: Նկատի ունեմ՝ ադրբեջանցիները տվյալ տեղանքում հայ-ադրբեջանակն սահմանը հնարավոր է հատել են ոչ թե տեղային խնդիրներ լուծելու, այլ՝ ռազմական բախում սադրելու նպատակով»,- հայտարարել է Փաշինյանը:
Նրա գնահատմամբ ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածին: Փաշինյանը հանձնարարել է Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների պաշտոնակատարներին ու ԱԽ քարտուղարին՝ միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցություններ մեկնարկելու ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:
Կարծիքներ