Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները կփոփոխվեն. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, նախատեսվում է փոփոխել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները:
«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Եղիշե Կիրակոսյանը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ:
Գործող կարգավորմամբ` Հաշվեքննիչ պալատի անդամ լինելու համար սահմանված պահանջ է հանրային ֆինանսների հատվածի փորձը: «Առաջարկում ենք, որ անդամին ներկայացվող պահանջներում կատարվի փոփոխություն ու դիտարկվի ոչ միայն հանրային ֆինանսներում աշխատանքային փորձը, այլ նաև ընդհանրապես ֆինանսական հատվածում փորձի առկայությունը: Եթե անձն ունի ֆինանսական համակարգում 10 տարվա աշխատանքային ստաժ, որից 5 տարին` ղեկավար անձի փորձ, նաև աուդիտորի որակավորում, ապա կարող է դիտարկվել որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու»,- ասաց Կիրակոսյանը:
Գործող կարգավորմամբ՝ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովին: ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանվում է 100-օրյա ժամկետում, իսկ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքով՝ 90-օրյա ժամկետում: Նախագծում առաջարկվող փոփոխությամբ ուղղվել է այս անհամապատասխանատությունը:
Կարծիքներ