Արարատ Միրզոյանը և Բոգդան Աուրեսկուն մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի շուրջ

Արարատ Միրզոյանը և Բոգդան Աուրեսկուն մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի շուրջ

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ, տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները կարևորել են փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-ռումինական պատմական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը:

Քննարկվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացումը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Արարատ Միրզոյանը և Բոգդան Աուրեսկուն մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման, Արևելյան գործընկերության ծրագրի օրակարգի շուրջ։

Անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում