Դատարան է ուղարկվել կաշառքի դիմաց վարորդական վկայական տալու 25 դեպքերի առթիվ քննված հերթական քրեական վարույթը

Դատարան է ուղարկվել կաշառքի դիմաց վարորդական վկայական տալու 25 դեպքերի առթիվ քննված հերթական քրեական վարույթը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված լայնածավալ ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գրանցման-հաշվառման և քննական կենտրոններից մեկի տեսուչ Վ. Հ.-ն, նույն կենտրոնի պետ Ա. Պ.-ի հետ խմբի կազմում, իսկ որոշ դեպքերում՝ նաև առանձին, իր մտերիմ Գ. Հ.-ի միջոցով, վարորդական վկայական ստանալու համար դիմած 25 անձանից ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու դիմաց պարբերաբար ստացել է տարբեր չափերի, ընդհանուր՝ շուրջ 5 մլն ՀՀ դրամ կաշառք:

Մասնավորապես՝ հիմնավորվել է, որ Ա. Պ.-ն և Վ. Հ.-ն, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով 25 անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝  համապատասխան գիտելիքների և հմտությունների բացակայության պայմաններում նրանց վարորդական վկայական տալու համար անհրաժեշտ տեսական և գործնական քննությունները կազմակերպելու դիմաց Վ. Հ.-ի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Գ. Հ.-ի միջոցով 2023 թվականի փետրվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ստացել են 180.000-ից 320.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Վ. Հ.-ն վերը նշված նույն ժամանակահատվածում իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիքներ, իսկ չորս դեպքերով՝ դրդել է պաշտոնատար անձանց չարաշահել իրենց ծառայողական լիազորությունները:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Պ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (19 դրվագ),  Վ. Հ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (19 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (6 դրվագ), 441-րդ հոդվածի 1-ին մասով (21 դրվագ), 46-441-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (25 դրվագ), իսկ Գ. Հ.-ին՝ 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (25 դրվագ) և 44-46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել նաև Ա. Պ.-ին և Վ. Հ.-ին կաշառք տված անձանց: Հիշյալ բոլոր մեղադրյալների վերաբերյալ քննված երեք տարբեր վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում