Հայաստանի բասկետբոլի հավաքականը նոյեմբերի 24-ին կընդունի Ավստրիային

Հայաստանի բասկետբոլի հավաքականը նոյեմբերի 24-ին կընդունի Ավստրիային

Հայաստանի բասկետբոլի հավաքականն աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական փուլի շրջանակում նոյեմբերի 24-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կընդունի Ավստրիային:

 

Հայ բասկետբոլիստները Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ նոյեմբերի 15-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Մարզչի գնահատմամբ՝ Հայաստանի հավաքականը մի շարք առավելություններ ունի, որոնք պետք է առավելագույնս օգտագործել:

 

«Անկասկած, Ավստրիան ֆավորիտ է: Շատ փորձառու թիմ է, որի կազմում հանդես եկող բասկետբոլիստներն առաջին տարին չէ՝ միասին խաղում են: Դժվար կլինի հաղթանակի հասնելը, բայց մենք ևս մեր առավելություններն ունենք. առավելագույնս պետք է օգուտ քաղենք ու նաև մեր երկրպագուների աջակցությամբ փորձենք հաղթանակի հասնել: Աշխատում ենք այդ ուղղությամբ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է Գեորգի Ղազանչյանը:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանի հավաքականի առաջատարները՝ Քրիս Ջոնսը, Ալբերտ Թադևոսյանն ու Անդրե Սփայթ Մկրտչյանը, կարող են նաև ԱԱ-ի նախընտրական փուլի լավագույն խաղացողները համարվել:

Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանն էլ երկրպագուներին կոչ է արել գնալ մարզադահլիճ և աջակցել մեր թիմին կարևորագույն խաղում. «Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն: Այնպիսի երկրպագություն, ինչպիսին Հայաստանում է, քիչ երկրներում կարելի է հանդիպել: Նրանց գործոնը շատ կարևոր է, և մեզ շատ մեծ էներգիա են փոխանցում»:

Նա նաև նշել է՝ նախապատրաստական լավ հավաք են անցկացրել և լիովին պատրաստ են նոյեմբերի 24-ին կայանալիք խաղին:

«Բավական երկար ժամանակ ենք ունեցել այս խաղին նախապատրաստվելու համար. այս առումով, թերևս, առավելություն ունենք Ավստրիայի հավաքականի նկատմամբ: Նախապատրաստական լիարժեք փուլ ենք անցել: Մարտական ենք տրամադրված, վերլուծել ենք մեր սխալներն ու աշխատել դրանք շտկելու ուղղությամբ: Լավ ու մրցունակ կազմ ունենք. կփորձենք առավելագույնս հանդես գալ և հասնել դրական արդյունքի»,- ասել է Թադևոսյանը:

 

Նախապատրաստվելով Ավստրիայի դեմ խաղին՝ Հայաստանի հավաքականն ընկերական խաղ է անցկացրել Վրաստանի թիմի հետ:

 

Հիշեցնենք՝ Հայաստանի բասկետբոլի հավաքականի մարզչական շտաբն ավելի վաղ հրապարակել էր այն բասկետբոլիստների անունները, որոնք պետք է նախապատրաստվեն աշխարհի առաջնության նախընտրական փուլի` Ավստրիայի հետ Երևանում կայանալիք հանդիպմանը։

Հայաստանի հավաքական. Անդրե Սպայթ Մկրտչյան, Դանիել Կիրակոսյան, Դանիել Գևորգյան, Տիգրան Մկրտումյան, Ալեքսեյ Չիժենոկ, Յուրա Մելիքյան, Քրիս Զոնս, Զակ Տավիտյան, Գաբրիել Աճեմյան, Արտյոմ Թավաքալյան, Ալբերտ Թադևոսյան, Արկադի Մկրտիչյան, Քրիստիան Վիտալ, Կարեն Մելիքյան:

Հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված են նաև Արեգ Վաթյանը և Միքայել Պողոսյանը։

Հայաստան-Ավստրիա հանդիպումը կկայանա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և կմեկնարկի 18։00-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում