Մարզպետները հաշվետու կդառնան նաև ոլորտը համակարգող փոխվարչապետին. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Իմ քայլը»-ի պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, ինչի ընդունման արդյունքում ոլորտը համակարգող փոխվարչապետը կհամակարգի մարզպետների գործունեությունը: «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Գևորգ Պապոյանը:
«Նախագծի ընդունման նպատակն է բարձրացնել մարզպետների և նրանց աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը՝ սահմանելով վերջիններիս հաշվետվողականությունը նաև վարչապետի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխվարչապետին: Կտարանջատվեն տարածքային կառավարման ոլորտում կառավարության ոլորտը համակարգող փոխվարչապետի լիազորությունները: Մասնավորապես փոխվարչապետը մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ՝ մարզպետների աշխատանքը»,-ասաց Պապոյանը:
Փոխվարչապետը քննարկելու և համադրելու է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի պետական բյուջեով և այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը, իրավական վերահսկողություն է իրականացնելու մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ, այս ոլորտի հետ կապված վարչապետին ներկայացնելու է համապատասխան առաջարկներ: Նա իրականացնելու է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողություն, լսելու է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունը, քննելու է գործունեության ստուգման արդյունքները:
Կարծիքներ