Քարոզարշավ օր 2. քաղաքական ուժերը արշավը շարունակում են հանդիպումների և ասուլիսների ձևաչափով

Քարոզարշավ օր 2. քաղաքական ուժերը արշավը շարունակում են հանդիպումների և ասուլիսների ձևաչափով

 Հայաստանում շարունակվում է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք:

Ներկայացնում ենք «Նախընտրական քրոնիկոն» ծրագիրը:

«Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավի երկրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում: Հանդիպումները սկսվելու են ժամը 11:30-ին՝ Արագածավանից: Կուսակցությունը լինելու է նաև Արտենիում, Թալինում, Օշականում, Ծաղկահովիտում, Ալագյազում: Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիրից «Քաղաքացիական պայմանագիր»-ը կուսակցությունը քայլերթով ուղևորվելու է քաղաքի հրապարակ: Երեկոյան 19:00-ին Աշտարակի հրապարակում նախատեսվում է մեծ հանրահավաք:

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ժամը 11:00-ին հանրահավաք կիրականացնի Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում, այնուհետև 13:30-ին հանդիպում կունենա Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի տան դահլիճում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը հանդիպումները  սկսելու են ժամը 10:30-ին՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Զորավար Անդրանիկի արձանի մոտից: Սկզբում տեղի կունենա հանդիպում լրագրողների հետ: Ժամը 12:00-ին կուսակցության անդամները կլինեն Զորավար Անդրանիկի փողոցում, այնուհետև 15:00-ին՝ Արարատյան մասիվում: 16:00-ին նրանք կլինեն Գրիգոր Ասատրյան փողոցում (Շիրակ հանրախանութ) և 17:00-ին՝ Տիչինայի փողոցով դեպի Ա-2 թաղամաս: 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն իրականացվելու է Գեղարքունիքի մարզում: Մեկնարկելու է ժամը 15:00-ին՝ Սևան-Գավառ խաչմերուկից, ապա 16:00-ին նրանք կլինեն Գավառում:

«Արդար Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակելու է Ապարանի Ափնա գյուղում, այնուհետև շրջելու են տարբեր գյուղերով:

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 8-ին՝ ժամը 18.00-ին, Վանաձորի «Արցախ» պուրակում հանրահավաք կանցկացնի, որտեղ կներկայացնի իր պատկերացումները անվտանգության, արտաքին քաղաքականության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներին առնչվող խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: 

«Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցությունը քարոզարշավը շարունակելու է Երևանում, այս անգամ մեկնարկելու են Կոմիտասի փողոցում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից: Կուսակցության անդամները շրջելու են Երևանի տարբեր փողոցներով:

Կուսակցություններից երկուսը քարոզարշավի երկրորդ օրվա համար ընտրել են ասուլիսային ձևաչափը. «Հայոց հայրենիք» կուսակցությունը ժամը 11:00-ին ասուլիսով կներկայացնի իր ծրագիրը: Ժամը 12:00-ին էլ լրագրողների հետ կհանդիպի «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը: 

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Պերճ Ավետիսյան, Հյուսիսային պողոտայի «Loft» սրճարանում կհանդիպեն Արցախյան պատերազմի մասնակիցների հետ:

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը հունիսի 8-ին աշխատելու է մի քանի ուղղությամբ: Պատգամավորի թեկնածուներից մի քանիսը լինելու են Արարատի մարզում, այնտեղ գյուղացիների հետ գյուղատնտեսության մեծ ծրագիր քննարկելու: Միքայել Նահապետյանը, կուսակցության այլ անդամների հետ լինելու է Կոմիտասի պողոտայում, մեկ այլ խումբ էլ դռնեդուռ քարոզչություն է իրականացնելու: «ՔՈ» սոցիալ դեմոկրատական կուսակցության մեկ այլ խումբ էլ լինելու է Տավուշի մարզում:

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն: Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն:

Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան  քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու: 


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում