Վարչապետի պաշտոնում չեմ պատկերացնում մի քանի երկրի քաղաքացի հանդիսացող անձի. ՆԳ նախարարը՝ Սամվել Կարապետյանի թեկնածության վերաբերյալ
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի շուրջ քննարկումներին՝ հայտարարելով, որ վարչապետի պաշտոնում չի պատկերացնում մի քանի երկրի քաղաքացի հանդիսացող անձի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ երկքաղաքացիության ինստիտուտին ինքը դեմ չէ, և այն շարունակելու է գործել, սակայն սահմանադրական բարձրագույն պաշտոնների դեպքում իրավիճակն այլ է։
«Վարչապետի պաշտոնում առհասարակ ես պատկերացնում եմ այնպիսի թեկնածուի, որի շահերի կենտրոնը միայն Հայաստանն է։ Մի քանի երկրների քաղաքացի լինելով՝ դժվար եմ պատկերացնում, թե որ երկրի կենսական շահերին ավելի նախապատվություն պիտի տա տվյալ քաղաքացին»,– ասաց Սարգսյանը։
Նրա գնահատմամբ՝ քաղաքացիությունը զուտ անձնագիր կամ թուղթ չէ, այլ ենթադրում է տվյալ պետությանը հավատարմության երդում և պարտավորություն։
Այդ պատճառով, ըստ նախարարի, ՀՀ վարչապետ և վարչապետի թեկնածու պետք է լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։
«Կհորդորեմ բոլորիս, որ իրատեսականության զգացողությունը չկորցնենք»,– ընդգծեց նա։
Անդրադառնալով տվյալ հարցի մասով տարբեր իրավական մեկնաբանություններին՝ Արփինե Սարգսյանը նշեց. «Ես ուղղակի մտածում եմ, որ փաստորեն հնարավոր է ստեղծագործ նմանատիպ միտք ունենալ նաև իրավաբանությունում, բայց բոլորիս կհորդորեմ չկորցնել իրատեսականության զգացողությունը»։


Կարծիքներ