ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող օրինագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլի» մի քանի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում  ստացավ 80 «կողմ», 6 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ: նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը: «Նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխությունները և լրացումները հանգում են հետևյալին՝ որպես դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը: Առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը իր դատավարական իրավունքներից օգտվելիս պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահերի ապահովումը»,-ասաց պատգամավորը: Փաթեթով առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ: «Նախագծի ընդունման դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու՝ հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար»,-ասաց Վարդանյանը: Առաջարկվում է ԲԴԽ-ին լիազորություն վերապահել առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը և դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով և ելնելով արդարադատության շահերից, տվյալ դատարանի կազմից ընտրել այդ գործերի քննության համար վիճակահանության մասնակից դատավորների համապատասխան մասնագիտացում կամ ենթամասնագիտացում ունեցող դատավորների թվից՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից նախկինում նմանատիպ գործեր քննած լինելու հանգամանքը և այդ ընթացքում դատական նիստի բնականոն ընթացքը ապահովելու դրսևորած հմտությունները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում