ԱՄՆ-ն հույս է հայտնել, որ Թուրքիան միջոցներ կձեռնարկի «Ս-400»-ների հետ կապված խնդիրները լուծելու համար. Բլինքեն
ԱՄՆ-ն շահագրգռված է շարունակել սերտ համագործակցությունը Թուրքիայի հետ՝ միաժամանակ չանտեսելով տարաձայնությունները: Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Խոսելով Անկարայի կողմից ռուսական «Ս-400» համակարգերի գնման մասին՝ Բլինքենը նշել է, որ «ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք Թուրքիայի հետ տարբեր դիրքորոշումներ ունենք այս հարցի շուրջ, ինչի մասին ես ասել եմ իմ թուրք գործընկերոջը»:
«Ճիշտ է նաեւ, որ Թուրքիան հին եւ շատ թանկ դաշնակից է, որն աշխատում է մեզ հետ շատ կարեւոր նպատակների, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայի եւ այլ ոլորտներում: Ուստի կարծում եմ, որ մենք շահագրգռված ենք շարունակել սերտ համագործակցությունը Թուրքիայի հետ՝ միեւնույն ժամանակ չանտեսելով մեր տարաձայնությունները: Մենք շատ անկեղծ, հստակ եւ բաց խոսակցություններ ունենք, եւ հուսով եմ, որ Թուրքիան որոշակի քայլեր կձեռնարկի՝ լուծելու այն խնդիրները, որոնք, օրինակ, «Ս-400»-ները ստեղծում են Հյուսիսատլանտյան դաշինքի համար»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Անկարայի սադրանքներին Արեւելյան Միջերկրածովում, Բլինքենը նշել է, որ «որոշակի դեէսկալացիա» կա: «Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն շատ լավ դեր է խաղում՝ փորձելով լուծել հակամարտությունները եւ ապահովել, որպեսզի ոչ ոք սադրիչ գործողություններ չձեռնարկի այն տարածքներում, որտեղ վեճեր են սկսվում՝ Թուրքիայից սկսած: Եվ մենք պարզապես պետք է հասնենք այդ տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի համաձայն»:
Կարծիքներ