Արմեն Սիմոնյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկիին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկիին, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավարության այլ անդամների։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կոնցեսիոն պայմանագրի փոփոխությունների և լրացումների մասին լրացուցիչ համաձայնագրի նախագծի տարբերակը։
Քննարկվել է նաև Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը, որը նախատեսում է ուղևորափոխադրումների մասով սուբսիդավորման չափի սահմանափակումների վերացում։
Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են Կոնցեսիոն պայմանագրում փոփոխությունների և լրացումների կատարման մասին լրացուցիչ պայմանագրի նախագծի նախապատրաստման հարցերով կոնտակտային խմբի խորհրդակցության արձանագրություն։
Զրուցակիցները քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեությանը, զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությանը սահմանակից երկրներով, ցամաքային ուղիներով, բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր` Կովկաս-Փոթի երկաթգծի վերագործարկմանն ուղղված պետական աջակցության հնարավորությամբ:
Կողմերը մտքեր են փոխանակել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների ավելացման, ծառայությունների մատչելիության և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև երկկողմ հետաքրրքություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Կարծիքներ