Ոստիկանության Երևանի բաժիններում մի խումբ անձինք կամավոր հանձնել են հրազեն ու ռազմամթերք (տեսանյութ)
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Մասնավորապես, Էրեբունու բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի տղամարդ հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ինքնաձիգի 200-ից ավելի փամփուշտ։
Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին բերած անձի հայտնածով՝ մասնակցել էր Արցախյան 44-օրյա պատերազմին ու հրազենը հետը բերել էր։
Ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրվել են տարբեր տեսակի հրազենների և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ կամավոր հանձնել է նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի և հրազենների 300 փամփուշտ։
Երկփողանի հրացանը, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակն ու ինքնաձիգի 160-ից ավելի փամփուշտը Քանաքեռ-Զեյթունի բաժնում հանձնել է Դավիթ Անհաղթի փողոցի մի բնակիչ՝ բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։
Նշանակվել են փորձաքննություններ։ Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Կարծիքներ