Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն

Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Պետրոս Պետրոսյանը Լեհաստանում ավարտված Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 384 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Պոկում վարժությունում Պետրոսյանը գլխավերևում պահել է 166 կգ կշռող ծանրաձողն ու դարձել փոքր բրոնզե մեդալակիր, իսկ հրում վարժությունում 218 կգ արդյունքով զբաղեցրել է առաջին տեղը:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Յաշա Մինասյանը երկամարտի 354 կգ արդյունքով 7-րդն է:

Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ +109 կգ քաշային Աշոտ Մովսիսյանը, երկամարտում ցույց է տվել 359 կգ արդյունք և արծաթե մեդալ նվաճել:

Այսպիսով՝ Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները Լեհաստանի Ռաշին քաղաքում անցկացված Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում աննախադեպ արդյունք են ցույց տվել՝ երկամարտում նվաճելով 13 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ:

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի կազմում Մ20 տարեկանների առաջնությունում հաղթող են ճանաչվել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ): Տղաների պայքարում Ժորա Գրիգորյանը (55 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ) և Ալեքսանդր Լազարյանը (102 կգ) դարձել են ոսկե մեդալակիրներ, Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Աշոտ Մովսիսյանը (+109 կգ) նվաճել են արծաթե, իսկ Մարտին Պողոսյանը (73 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (89 կգ)՝ բրոնզե մեդալներ:

Մինչև 23 տարեկանների պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Լիանա Գյուրջյանը (87 կգ), տղամարդկանց պայքարում՝ Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ) և Պետրոս Պետրոսյանը (+109 կգ)։ Արծաթե մեդալակիրներ են դարձել Միլենա Խաչատրյանը (81 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) և Մերի Թումասյանը (+87 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) և Մնացական Աբրահամյանը (89 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում