Ձեր նմանների պատճառով մարդիկ չեն գիտակցում. Մարությանն անջատել տվեց Վարդանյանի խոսափողը. նա հրաժարվում էր դիմակից
Երեւանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում ելույթների ժամանակ Մարությանն անջատել տվեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի խոսափողը, քանի որ բազմաթիվ հորդորներից հետո էլ վերջինս հրաժարվեց պաշտպանիչ դիմակ դնել:
«Տիկի՛ն Վարդանյան ջան, խնդրում եմ՝ դիմակը հագած ելույթ ունենաք. դուք վտանգում եք մեր առողջությունը»,- ասաց Մարությանը, իսկ Վարդանյանը նշեց. «Կարող եք ինձ համարել հանցագործ, դա Ձեր խնդիրն է: Մենք պահում ենք սոցիալական հեռավորություն, եւ բավ է ինձ ընդհատեք. ես ունեմ ելույթ ունենալու իրավունք, ինչպես եւ Դուք: Դիմակն ինձ խանգարում է, եւ ես դա մեկ անգամ արդեն ասել եմ: Դուք իրավունք ունեք դիմելու եւ տուգանելու, ինձ մի ընդհատեք»,- ասաց նա:
Մարությանն էլ արձագանքեց, որ կա պարետի որոշում փակ տարածքներում պարտադիր դիմակ դնելու: «Ինձ համար զարմանալի է, թե ինչքան կարելի է օրենքը խախտել: Կներեք, եթե չեք կարողանում խոսել, խեղդվում եք, մի խոսեք: Անջատեք խոսափողը: Մենք անցնում ենք առաջ»,- ասաց քաղաքապետը:
Մի քանի րոպե տեւած բանավեճը գնալով թեժացավ, քաղաքապետն ու «Լույս» խմբակցության անդամը սկսեցին գնալով ավելի բարձր տոնով խոսել՝ ընդհատելով միմյանց: «Ձեր նմանների պատճառով մարդիկ չեն գիտակցում վտանգը, մտածում են, թե ամեն ինչ նորմալ է: Այս դահլիճում թույլ չեմ տալու խախտումներ, որը վտանգի է ենթարկում մարդկանց կյանքը, հերիք եղավ, բոլ եղավ»,- զայրացած եզրափակեց Մարությանն ու Վարդանյանին թույլ չտվեց ելույթ ունենալ:
Կարծիքներ