Կարկառ գետի գլխավոր հանգույցի շահագործման արդյունքում մինչև տարեվերջ 2000 հա հողատարածք ոռոգելի կդառնա

Կարկառ գետի գլխավոր հանգույցի շահագործման արդյունքում մինչև տարեվերջ 2000 հա հողատարածք ոռոգելի կդառնա

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջանում։ Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ երկրի ղեկավարը նախ ծանոթացել է պետական միջոցներով կառուցվող Կարկառ գետի գլխավոր հանգույցի շինաշխատանքներին: Պատասխանատունների ներկայացմամբ՝ ծրագիրն իրականացվում է ըստ ժամանակացույցի: Նախագահը հանձնարարել է ավելացնել աշխատուժի հնարավորությունները և համակարգն ամբողջությամբ շահագործման հանձնել տարեվերջին: Արդյունքում կայուն ոռոգելի կդառնան ենթաշրջանի ավելի քան 2 հազար հեկտար հարթավայրային գոտում գտնվող հողատարածքներ, որոնք էականորեն փոխելու են տարածքում գյուղատնտեսական մթերքների արտադրության տեսակարար կշիռը:

Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ է ունեցել Խանապատ և Խրամորթ համայնքների բնակիչների հետ: Քննարկվել են ինչպես անվտանգային, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները: Բարձր գնահատելով երկու համայնքներում տեղահանված տասնյակ ընտանիքների տեղավորման աշխատանքները՝ նախագահն ընդգծել է, որ պետք է շարունակել գործընթացը՝ խոստանալով, որ Կառավարությունն այդ ուղղությամբ կակտիվացնի գործադրվող ջանքերը: Անդրադառնալով ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ընթացիկ տարում կասֆալտապատվի դեպի Խրամորթ տանող ճանապարհը, կշարունակվեն ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքները, բարձրացված բոլոր խնդիրներին կտրվեն պատշաճ լուծումներ:  

Հանրապետության նախագահին ուղեկցում էին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում